Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն որոշումների վրա, Ria.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա ընդգծել է, որ հայկական և ադրբեջանական կողմերն իրենք պետք է որոշեն, թե ինչն է համապատասխանում իրենց արմատական շահերին և ինչպես են մտադիր կայուն խաղաղություն ապահովել։
Խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին հարցը նա չի մեկնաբանել՝ ընգծելով հարցերի ծայրահեղ զգայունության մասին։
«Մենք չենք կարող մեկնաբանել բանակցային գործընթացի ընթացքը, որպեսզի չխոչընդոտենք դրա առաջխաղացմանը»,-ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Մայիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
Այցի շրջանակում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում: