Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ են բացել Արցախի Մարտունու և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Արցախի ՊՆ-ն հունիսի 6-ին հայտարարել էր Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի երկու խախտման մասին։ Ադրբեջանական զինուժը կենտրոնական և արևմտյան ուղղություններով խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։