Ուզում եմ պատախանել հարցին, թե ինչո՞ւ փաստաթուղթը ստորագրեցի և պատերազմը կանգ առավ նոյեմբերի 9-ին, շրջադարձային դեր խաղաց Շուշիիի անկման գործընթացը, և էականը ոչ միայն Շուշիի խորհրդանշական արժեքն է, այլև ռազմական: Այս մասին այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Շուշի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, կուժեղանար ճնշումը Մարտունու վրա և մեր շուրջ 25 հազար զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ:
«2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունները պատերազմը կանգնացնելու մեր հինգերորդ փորձն էր։ Առաջին այդպիսի խոսակցությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրվա առիթով զանգահարել է ՌԴ նախագահ Պուտինին։ Նա կարևոր համարեց, որ ես հարցազրույցներից մեկում հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է գնալ կոմպրոմիսների և, օգտվելով այս առիթից, ինքն ուզում է միջնորդական ջանքեր գործադրել հնարավորինս արագ կրակի դադարի հասնելու համար։ Ասացի, որ համաձայն եմ՝ մինչ այդ հետաքրքրվելով, թե ի՞նչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը։ Մեր ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, որից հետո պետք է սկսվեն խորհրդակցություններ, թե որոնք են այն կոմպրոմիսները, որոնց պատրաստ են կողմերը։ Ասացի, որ այդ տարբերակն ընդունելի է մեզ համար»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ նույն օրը տեղի ուեցավ երկրորդ հեռախոսազրույցը ՌԴ նախագահի հետ։ Պուտինը նշեց, թե խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն վերջինս ասել է, որ պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման, այսինքն՝ համաձայն չէ հրադադար հաստատելուն։
«Հաջորդ օրը ՌԴ նախագահն ինձ տեղեկացրեց, որ հրադադարի համար Ադրբեջանը նախապայման ունի. ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին ու հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խուդաֆերինի ջրամբար, այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ ու նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով։ Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարությունն ակնկալում է հետ ստանալ Արցախում սպանության ու մարդու առևանգման համար իրենց պատիժը կրող Գուլիևին ու Ասկերովին՝ հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել։ Ընդ որում՝ այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ ընդամենը հումանիտար հրադադար՝ զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար, դրանից հետո ռազմական գործողությունները չշարունակելու ոչ մի պայման, պարտավորություն չպետք է լիներ: Ասացի, որ պայմաններն ընդունելի չեն»,- ասաց նա։
Ի վերջո՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հաջորդ խոսակցության ժամանակ ՌԴ նախագահը հաղորդել է, որ Ադրբեջանը համաձայն է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերից հրադադար հաստատել և, արդյունքում, ՌԴ միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները խորհրդակցություն են ունենալու։ Նա նշեց, որ պատերազմի թատերաբեմում իրադրությունը լավատեսություն չէր ներշնչում, միակ հնարվոր տարբերակը մնում էր ռազմական գործողությունների դադարեցման զիջումային տարբերակը։ Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 9-ին սկսվեց եռակողմ հանդիպումը և մեջբերեց ընդունված հայտարարություններն ու նշեց, որ դրանք ընդունելի էին իր համար, սակայն Ադրբեջանը չէր պահում հրադադարի ռեժիմը և ավելի էր ակտիվացնում ու ինտենսիվ դարձնում կրակը:
«Հետագա օրերին ես մի քանի անգամ հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, թե ինչպես հասնել հրադադարի ռեժմի հաստատման և պահպանման, ես իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնել հանուն դրա ներդնել անհրաժեշտ ջանքեր»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, ուր հոկտեմբերի 13-ին Պուտինին խնդրել է ուղիղ պատասխանել հարցին, թե ի՞նչ պետք է անի հայկական կոմղը, որ հրադադար հաստատվի ու որ պատերազմը կանգնեցվի։ Պուտինն ասել է, որ կարելի է փորձել հինգ շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել՝ ԼՂ կարգավիճակի անորոշությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
«Բաքվի պահանջ և ընտրությունների նախապատրաստում». պատգամավորը նշել է պրոֆեսիոնալ բանակին անցնելու նպատակները
Հայաստանի իշխանությունների կողմից ընդունված բանակի վերափոխման հայեցակարգը պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատմամբ և պրոֆեսիոնալ բանակի անցումով կկատարի Հայաստանի ապառազմականացման Բաքվի...