Բրազիլիայի քաղաքացին աղիներում թաքցնելու միջոցով փորձել է Հայաստան տեղափոխել շուրջ 300․000 դոլարի կոկաին։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։
Մասնավորապես, Օպերատիվ տեղեկություն է ստացվել այն մասին, որ հնարավոր է Սան-Պաուլո-Փարիզ-Երևան ավիաչվերթով Բրազիլիայից Հայաստան ժամանող ուղևորներից մեկը «կոկաին» տեսակի թմրամիջոց է տեղափոխում: «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում անձնական մաքսային զննման է ենթարկվել Հայաստան ժամանած Բրազիալիայի քաղաքացի Լ․Պ.-ն։
«Ունենելով կասկածներ, որ քաղաքացին հնարավոր է մարմնում թաքցնում է թմրամիջոցներ՝ ենթարկվել է տեսազննության: Արդյունքում, նրա մարմնում նկատվել են օտար մարմիններ, որոնք դուրս բերելու նպատակով Բրազիալիայի քաղաքացին օդանավակայանից տեղափոխվել է բժշկական կենտրոն»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:
Բժշկական կենտրոնում իրականացված համակարգչային շերտագրման` սկանավորման արդյունքում պարզվել է, որ նրա հաստ աղիքի հատվածում առկա են գնդաձև օտար մարմիններ, որոնք վերջինիս մարմնից դուրս են բերվել բժշկական տարբեր միջամտությունների արդյունքում: Հայտնաբերվել է «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող 120 հատ օվալաձև պարկուճ, այդ զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 1216 գրամ։ Հայտնաբերված թմրամիջոցի շուկայական արժեքը գերազանցել է 300 հազար ԱՄՆ դոլարը։
«Փաստի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է ՔԿ, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բրազիալայի քաղաքացին ձերբակալվել է, այնուհետև` կալանավորվել»,- ասված է հայտարարությունում։
Տեսանյութը՝ հետևյալ հղմամբ։