Արցախի ԱԱԾ-ն հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանի ձերբակալման մանրամասները։
«Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, այսօր ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԱՀ ԱԱԾ-ի կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար։
Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ քաղաքացու ձերբակալության մասին։ Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ռաշիդ Բեգլարյանը մոլորվելու հետևանքով է ընկել ադրբեջանական վերահսկողության տակ։