Ազատման բազմաթիվ դիմումներ են ստացվում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Աղբյուրը նշում է, որ ArmLur.am-ը գրավոր հարցմամբ դիմել է Երևանի քաղաքապետարան՝ հասկանալու, թե ինչու են «Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի մեքենաները խոտանված, որքան գումար է ծախսվել բեռնատար մեքենաների սպասարկման համար, թե կոնկրետ ինչի վրա են ծախսվել գումարները։ Կայքը քաղաքապետարան դիմելիս նշել է նաև, որ տեղեկություններ ունի այն մասին, որ մեքենաների յուղերը ժամանակին չեն փոխվել, փոխարինվելուց էլ փոխարինվել են անորակ յուղերով, մեքենաների հերթական տեխզննումները ժամանակին չեն կատարվել, դրա համար էլ մեքենաների շարժիչները անսարք վիճակում են:
Երևանի քաղաքապետարանից պատասխանել են․ «Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը բեռնատար մեքենաների սպասարկման համար 2022թ. ծախսել է 483.580.645 դրամ: Գումարները ծախսվել են ըստ անհրաժեշտության՝ տարբեր ավտոպահեստամասեր ձեռք բերելու նպատակով, այդ թվում՝ յուղեր-71.379.722 դրամ, պահեստամասեր-122.244.525 դրամ, վերանորոգման ծառայություններ-285.693.880 դրամ, հարակից բաղադրիչներ ու այլ նյութեր-4.262.518 դրամ: Հիմնարկի մեքենաները հերթական տեխզննումներն անցնել են սահմանված ժամկետում, իսկ յուղերի ձեռք բերումն իրականացվել է էլեկտրոնային աճուրդի միջոցով. տեխնիկական բնութագրին համապատասխան նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մատակարարը ճանաչվել է հաղթող մասնակից»։
Կայքը տեղեկացնում է նաև, որ
բազմիցս դժգոհություններ է ստացել այն մասին, որ «Երևանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը ծեծի, հայհոյանքների, ստիպողաբար ավելի աշխատացնելու եւ չվճարելու իր գործելաոճով է հայտնի, ինչի հետևանքով զանգվածային ազատման դիմումներ են գրում այդ հիմնարկի աշխատակիցները։ Շատերն էլ ազատման դիմումներ չեն գրել՝ վախենալով, որ իրենց ծեծի կենթարկեն. պարզապես աշխատանքի չեն գնում։
Աղբյուրը հետաքրքրվել է քաղաքապետարանից, թե ինչ տեղեկություն ունի կառույցը այս մասին, ինչ մթնոլորտում են աշխատում «Երևանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում» հիմնարկում, եւ ինչու են աշխատակիցները ազատման դիմումներ գրում, որին քաղաքապետարանից պատասխանել են. «Հիմնարկի տնօրեն Բ. Աղաջանյանի դեմ տարածված անհիմն տեղեկություններն այն մասին, թե հիմնարկում տիրում է վախի մթնոլորտ, և աշխատակիցներին ստիպողաբար աշխատեցնում է առանց հավելավճարի, չեն համապատասխանում իրականությանը։ Նշենք նաև այն, որ տնօրենը աշխատակիցների նկատմամբ երբևէ ֆիզիկական ուժ չի գործադրել, իսկ արտաժամյա աշխատանքի դիմաց աշխատակիցները ստացել են լրավճար։ Բ. Աղաջանյանը գործում է՝ ՀՀ օրենսդրության, հիմնարկի կանոնադրության, հիմնադրի, լիազոր մարմնի կողմից տրված հանձնարարականների համաձայն»։