Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին։ «Սննդի անվտանգության ապահովումը և սովի վերացումը կոնֆլիկտային իրավիճակներում» թեմայով բաց քննարկում էր նախաձեռնել ԱՄՆ-ը։
«Այս փուլում Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովուրդը կանգնած է իր գոյության վտանգի առաջ՝ Ադրբեջանի կողմից իրականացված ամբողջական շրջափակման հետևանքով։ 7 ամիս շարունակ Ադրբեջանը շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող մարդասիրական օգնության կարևոր ուղի է»,- ասել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ Բաքվի այս գործողությունները Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի վճռի, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են։
Գևորգյանն ասել է, որ Ադրբեջանի կողմից հումանիտար մատակարարումների դադարեցումը հունիսի 15-ից հանգեցրել է սննդամթերքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ պակասի։ Դիվանագետի խոսքով, դրա արդյունքում Լեռնային Ղարաբաղում առաջացել է լայնածավալ հումանիտար ճգնաժամ, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումների դադարեցումը կաթվածահար է արել առողջապահական համակարգը, տուժել է նաև տրանսպորտային համակարգը։ Շրջափակման մեջ հայտնված բնակչությունը փաստացի զրկված էր մարդու հիմնարար իրավունքներից։
Դիվանագետն ընդգծել է, որ շրջափակումը հանգեցրել է կործանարար հետևանքների, որոնք ազդել են բնակչության առավել խոցելի խմբերի վրա։ Գևորգյանն ասաց, որ սննդի և վիտամինների պակասի պատճառով 2000 հղի կին, 30000 երեխա, 20000 ծեր և 9000 հաշմանդամություն ունեցող անձ պայքարում է գոյատևելու թերսնման, առաջին անհրաժեշտության պարագաների և դեղերի բացակայության պայմաններում։ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել նաև գյուղատնտեսության ոլորտում աշխատող քաղաքացիական անձանց։
Փոխարտգործնախարարը նշեց, որ ԿԽՄԿ-ն միակ միջազգային մարդասիրական առաքելությունն է, որն ակտիվորեն աշխատում է Լեռնային Ղարաբաղում։ Դիվանագետը նշել է ադրբեջանական կողմից Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունը, որին ԿԽՄԿ-ն Լեռնային Ղարաբաղից տեղափոխել է Հայաստան՝ ընդգծելով, որ Խաչատրյանի տեղափոխումը նախապես համաձայնեցված է եղել Ադրբեջանի հետ։ «Սա դավաճանական արարք է, որում ներգրավված է Ադրբեջանը։ Դա նաև լավ մտածված փորձ է՝ խոչընդոտելու ԿԽՄԿ-ի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում»,- ասալ է Գևորգյանը։
Նա նաև հիշեցրել է, որ հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը որոշել է 360 տոննա մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ։ «Մենք կոչ ենք արել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին կազմակերպել մարդասիրական օգնության առաքումը։ Այնուամենայնիվ, հումանիտար բեռը շարունակում է մնալ Լաչինի միջանցքի մատույցներում՝ ադրբեջանական կողմի առաջադրած խոչընդոտների պատճառով»,- ասել է դիվանագետը։
Գեւորգյանն ընդգծել է, որ տեղում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը կարող է հանգեցնել սովի։ Նրա խոսքով, միջազգային հանրությունը պարտավոր է ժամանակին արձագանքել, որպեսզի ապահովի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների անվերապահ կատարումը։ Դիվանագետը նաև հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երեկվա հայտարարությունը կլինի առաջին քայլը տեղում ՄԱԿ-ի ավելի ակտիվ ներգրավման ուղղությամբ։
«Անգործության արժեքը չափազանց բարձր է. Պետք է կանխել այս զանգվածային ոճրագործությունը, որն իրականացվում է սովի միջոցով։ Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու համար, որ Ադրբեջանը կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումներով և միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները։ Մենք նաև կոչ ենք անում ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների և ԿԽՄԿ-ի համար Լեռնային Ղարաբաղ մուտքը»,- եզրափակել է դիվանագետը։
Հունիսի 15-ին Ադրբեջանը արգելել է մարդասիրական, ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ Լաչինի միջանցքով։ Հունիսի 22-ին ադրբեջանցիները բետոնե պատնեշներ են տեղադրել նաև Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հունիսի 25-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը վերսկսելու մասին։ Սակայն հուլիսի 11-ին Ադրբեջանն արգելել է ԿԽՄԿ մեքենաների անցումը Լաչինի միջանցքով՝ պատճառաբանելով «մաքսանենգության դեպք»: