Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
«Ճիշտ է, խանգարող հանգամանքները շատ էին, բայց կարողացանք մեդալներ նվաճել։ Իմ ելույթից ընդհանուր առմամբ գոհ եմ։ Արդյունքս գոհացուցիչ չէ, բայց բավականին հեռու ցատկեր կատարել եմ»,- Աղասյանի խոսքերն է մեջբերում գերատեսչությունը:
Օգոստոսի 3-ին հայտնել էինք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը ոսկե մեդալ է նվաճել։
Հուլիսի 30-ին ազատ ոճային ըմբիշները 5 մեդալ էին նվաճել Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում: Չեմպիոնի կոչմանն արժանացել և ոսկե մեդալներ էին նվաճել Վրեժ Գևորգյանն (61 կգ) ու Գևորգ Մխեյանը (70 կգ): Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ) դարձել էին արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 կգ)՝ բրոնզե մեդալակիրներ:
Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերը մեկնարկել են հուլիսի 26-ին ու կանցկացվեն մինչև օգոստոսի 6-ը։ Հայաստանը 5 մարզաձևում ներկայացնում է 19 մարզիկ։