Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին, հայտարարել են կուսակցությունից:
Կուսակցության անդամների, տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ բաց և բարդ քննարկումների արդյունքում ի վերջո որոշվել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին։ Չեմ թաքցնում, եղել են տարբեր տեսակետներ, հնչել են տարբեր փաստարկներ և հակափաստարկներ, ասվում է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանի հայտարարության մեջ:
Նա նշել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով հիմնական երկու գործոն: Կուսակցությունն այս պահին գտնվում է վերափոխումների ինտենսիվ փուլում, կառուցվածքային և բովանդակային ռեֆորմացիայի ճանապարհին, Արցախի շուրջ տիրող իրավիճակով պայմանավորված, մեր հասարակության մեջ առկա չէ Երևանի զարգացման և քաղաքային խնդիրների շուրջ իրական բանավիճային և քննարկումային մթնոլորտ։
Օգոստոսի 10-ի դրությամբ ԿԸՀ Երևանի ավագանու ընտրությունների առաջադրման դիմում է ներկայացրել երկու կուսակցություն՝ «Հայաստանի եվրոպական կուսակցության» (նախագահ՝ Տիգրան Խզմալյան) և «Ժողովրդավարական համախմբում» (նախագահ՝ Սուրեն Պետրոսյան)։