Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:
1 տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակենդանացման բաժանմունք: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծանր է:
Դեպքի վայրից «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածի առողջական վիճակը գնահատվել է թեթև: Նրանք հետազոտվել են, ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:
Ցավակցում ենք մահացածների ընտանիքներին և հարազատներին: Վթարից տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում:
Armenia Today–ին Համշեն տուրից հաստատեցին, որ Volkswagen մեքենայում իրենց տուրիստական խումբն է եղել։ Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով 11 մարդ է զոհվել։