«Новая Газета Европа»-ի խմբագիրները որոշել են հեռացնել լրագրող, իրավապաշտպան Ելենա Ռոմանովայի հոդվածը, որում Լեռնային Ղարաբաղի շրջափակումը կոչվում է բեմականացում, հայտնում է թերթի «Telegram» ալիքը։
«Հեղինակն ուժեղ էմոցիոնալ տեսակետ ունի հակամարտության վերաբերյալ, ինչն անհնարին է դարձնում այս թեմայի հետ աշխատելը»,- պարզաբանել է թերթը։
«Ղարաբաղը դիմադրում է անխուսափելիին միայն մնացած «զենքով»՝ իր ժողովրդի տառապանքներով»,- նշել է Ռոմանովան «Ղարաբաղը չարտոնված ամրոց է» վերնագրով հոդվածում։
Դրանում Ռոմանովան խելամիտ է անվանել Բաքվի հայտարարություններն այն մասին, որ «իսկապես սոված ու տառապող մարդիկ դեմ չեն լինի Աղդամի ճանապարհի բացմանը» Լեռնային Ղարաբաղ սնունդ հասցնելու համար։
Հոդվածի հրապարակումից հետո որոշ ընթերցողներ բողոքել են Ռոմանովայի ֆեյսբուքյան անձնական էջում։
Ռոմանովան պատասխանել է քննադատություններին, թե շրջափակումն այն է, երբ գնդացրորդները չեն կարողանում հեռանալ ըստ պարամետրի։ «Եվ երբ դուք ձեր երեխաներին սովի եք մատնում, եթե կարող եք ուտելիք ստանալ Ադրբեջանից, սա շրջափակում չէ, սա ներկայացում է»,- հավելել է նա։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ին Բաքուն արգելել է մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե արգելապատնեշներ է տեղադրել։
Հուլիսի 26-ին 19 բեռնատարներով 361 տոննա մարդասիրական օգնություն Երևանից մեկնել է Լեռնային Ղարաբաղ, սակայն Բաքուն արգելել է նրանց մուտքը միջանցքով։