Արցախում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր, ինչը մեղմելու նպատակով ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ, հայտնել են ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից։
«Մասնավորապես` ԱՀ ԳԳԱ հիմնադրամի կողմից ցորենը կընդունվի մեկ կիլոգրամը 250 դրամ արժեքով, ինչպես նաև ցորեն հանձնած հողօգտագործողներին հնարավորություն կտրվի ձեռք բերել հանձնած ցորենի 20 տոկոսի չափով ալյուր` մեկ պարկը 13000 դրամ արժողությամբ»,-նշել ն հիմնադրամից՝ տեղեկացնելով, որ հանձնված ցորենի արժեքից հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունների հաշվանցում չի կատարվի։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այսուհետ հանրապետությունում գործող ալրաղացներում կկիրառվեն սահմանափակումներ, ամենայն հավանականությամբ, մշակման չի ենթարկվի ֆիզիկական անձանց պատկանող ցորենը։ Դա կախված է նրանից, թե հողօգտագործողները որքանով ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին և որքան ցորեն հնարավոր կլինի մթերել։ Իհարկե, այս մոտեցումը հնարավոր է նաև դժգոհությունների տեղիք տա, սակայն առաջացած խնդիրը լուծելու այլ ելք չի մնում`քան պետական մակարդակով վերահսկել ալրաղացների աշխատանքը»,-նշել են հիմնադրամում։
Հողօգտագործողներին խնդրել են ըմբռնումով մոտենալ` պահեստավորած ցորենը վաճառել հիմնադրամին, որպեսզի հնարավոր լինի օր առաջ հաղթահարել առաջացած ճգնաժամը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։