Ադրբեջանա-թուրքական միասնությունը սահմանափակված է ժամանակի մեջ, սակայն այս պահին լայնածավալ ռազմական գործողություններ սկսելն իրենց համար նպատահարմար չէ, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից լարվածության մեծացման փորձերը թե՛ սահմանին, թե՛ քարոզչական դաշտում Armenia Today-ի հետ զրույցում նշել է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը։
Նա ցավով է արձանագրել, որ ադրբեջանա-թուրքական քարոզչական մեխանիզմները բավականին լավ են աշխատում և փոխլրացնում են միմյանց։
«Նման քաղաքականություն նրանք վարել են ու վարելու են՝ անկախ զարգացումներից։ Նրանք խորհրդականներ ունեն Թուրքիայից, Իսրայելից, ինչպես նաև անգլոսաքսոնյան որոշ երկրներից։ Այնպես որ՝ լարվածության աճից զարմանալ պետք չէ։ Այն կարող է երբեմն աճել, երբեմն՝ նվազել։ Այս փուլում ադրբեջանա-թուրքական տանդեմի համալիր գործողությունները բավականին աճել են, և հաճախ դրանք շարունակություն են ունենում նաև նյութական ու ռազմական առումով։ Դա կարելի պայմանավորել միայն մի խնդրով՝ Հայաստանի կողմից վարվող քաղաքականությամբ։ Ադրբեջանին այս ամենն իրագործելու առիթներ են տալիս։ Հայաստանի իշխանություններն այսօր որևէ լուրջ դաշնակից չունեն։ Անգամ ռուսական պաշտոնատար անձինք են սկսել դժգոհել Հայաստանից հնչող հռետորաբանությունից։ Այնպես որ, այն, ինչ կատարվում է, բնական է»,- նշել է քաղաքագետը։
Նա շեշտել է, որ ի պատասխան ադրբեջանա-թուրքական տանդեմի գործողությունների՝ հայկական կողմից որևէ ադեկվատ արձագանք չկա։
«Ավելին՝ ամեն ինչ անում են, որպեսզի միակ դաշնակցին՝ ՌԴ-ին հեռացնեն Հայաստանին վերաբերող գործողություններից։ Հաշվի առնենք ՆԱՏՕ-ի մասով հնչած հայտարությունները, թե «պատրաստ են ընդունել Հայաստանին»։ Սա թեև զուտ տեղեկատվական բնույթ ուներ, բայց ինչ-որ մեկի պահանջով ու խնդրանքով արված քայլ էր»,- նկատել է Հարությունյանը։
Նա ադրբեջանա-թուրքական միասնության մարտավարության առումով ևս մի հանգամանքի մասին է մատնանշել։
«Մի խնդիր կա՝ ադրբեջանա-թուրքական միասնությունը սահմանափակված է ժամանակի մեջ։ Սա ինչ-որ չափով պայմանավորված է ռուսական կողմի հաջողություններով՝ ուկրաինական ճակատում։ Եվ այս առումով ադրբեջանա-թուրքական տանդեմը խիստ անհանգստացած է։ Մասնավորապես այն առումով, որ թեպետ մոտ չէ, բայց հեռու էլ չէ այն ժամանակը, երբ սկզբունքորեն կփոխվեն ռուսական կողմի կողմնորոշումները՝ հաշվի առնելով ուկրաինական ճակատում ունեցած հաջողությունները»,- հավելել է նա։
Նրա կարծիքով՝ այսօր Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունն Ադրբեջանի համար զսպող գործոն է։
«Այսօր ամեն ինչ արվում է, որ Հայաստանին զրկեն այդ միակ գործոնից, որին այլընտրանք, իրականում, չկա»,- հավելել է նա։
Հարությունյանի խոսքով՝ այսօր նույն ադրբեջանա-թուրքական կոալիցիայի համար լայնածավալ ռազմական գործողությունները նպատահարմար չեն․ «Պատճառը պարզ է․ չնայած ռուսական կողմի՝ այսօր ունեցած բարդ իրավիճակին, այդ տանդեմը պատասխան կստանա»։
Սահմանային լարված իրավիճակին զուգահեռ՝ ադրբեջանական քարոզչական դաշտը վերջին օրերին ակտիվ է նոր հնարավոր ռազմական գործողություններ սկսելու մասին թեզերով ու նյութերով։ Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 3 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։
Գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը սկսեց հրետանային, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ իրականացնել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ։
Վերջին տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական կողմից զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 207-ի՝ ներառյալ երեք խաղաղ բնակիչների զոհվելը, որոնցից երկուսը անհետ կորած են։ Վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, մոտ 20 զինծառայող գերի է ընկել։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց:
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։