Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովին և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովին, որոնց հետ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակը, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է գեներալ-մայոր Կուլակովին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ առաքելության ընթացքում: Հանդիպմանը քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:
«Պապիկյանն ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈւ տեղաշարժերի և կուտակումների, պարբերաբար իրականացրած սադրանքների, հայկական դիրքերի ուղղությամբ հրաձգության և դրան զուգահեռ ապատեղեկատվության հաճախակի տարածման վերաբերյալ տվյալներ»,-հայտնում են ՊՆ-ից։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 3 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։
Գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը սկսեց հրետանային, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ իրականացնել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ։
Վերջին տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական կողմից զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 207-ի՝ ներառյալ երեք խաղաղ բնակիչների զոհվելը, որոնցից երկուսը անհետ կորած են։ Վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, մոտ 20 զինծառայող գերի է ընկել։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց:
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։