Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև Արցախի նախկին նախագահները,
տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից:
Նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի Հանրապետության կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը:
Երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է 27 զոհի և 200 վիրավորների մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: