Իրանցի ուղեւորներին պաշտպանելու նպատակով Իրանի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր չվերթները չեղարկվել են, IRNA-ի փոխանցմամբ՝ հայտնել Է Իրանի պետական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադիբախշը։
«Այս տարածաշրջանի հատուկ պայմանների պատճառով և ավիացիոն կազմակերպության հայտարարության համաձայն՝ սեպտեմբերի 20-ից բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջանի Հանրապետություն կչեղարկվեն», – նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ չվերթների վերսկսման մասին հավելյալ կտեղեկացնեն։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր 27 զոհի և 200 վիրավորների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։ Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում է կազմակերպվելու Եվլախում։ Բաքուն ևս հաստատել է սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածությունը։