Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Ադրբեջանին կոչ է արել թույլ տալ միջազգային դիտորդներին մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։
«Որոշել եմ մեր մարդասիրական օգնությունը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեր լրացուցիչ ֆինանսավորումը 2-ից հասցնել մինչև 5 միլիոն եվրոյի (5,28 միլիոն դոլար)»,- հավելել է Բերբոքը:
Վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված 42 500 անձ է հատել ՀՀ սահմանը, որից 22 800-ն արդեն իսկ հաշվառվել է։ Սյունիքում տեղավորվել է 1465 անձ, Վայոց ձորում՝ 810, Գեղարքունիքում՝ 976, Տավուշում՝ 298, Արմավիրում՝ 200, Արագածոտնում՝ 30, Շիրակում՝ 203, Կոտայքում՝ 20։ Մյուս քաղաքացիները ցանկացել են իրենց բնակության և կեցության հարցերն ինքնուրույն կազմակերպել։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։