Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը՝ գեղեցկուհի Ադելը, հայտնում են ԲԿ-ից։
ԲԿ-ից տեղեկացնում են, որ բժշկական կենտրոնի հոգատար բոււժանձնակազմի շնորհիվ թե՛ մայրիկի, թե՛ փոքրիկի առողջական վիճակը բավարար է:
Հայտնում են, որ փոքրիկին ընտանիքը սպասել է շուրջ 19 տարի: Ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2 օր առաջ՝ 4 օր անցկացնելով ճանապարհներին: Ընտանիքն շուրջ 10 ամիս եղել է շրջափակման մեջ:
Մայրը մասնագիտությամբ բուժաշխատող է, մասնակցել է քառօրյա պատերազմին, եղել է զինվորական հոսպիտալի վերակենդանացման և վիրահատական բաժանմունքի բուժքույրը, 44-օրյա պատերազմի ժամանակ ևս ակտիվ մասնակցություն է ունեցել, եղել է բուժկետի պետը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Երրորդ հանդիպումը՝ սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։