Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա չափազանց ուշ է, չափազանց քիչ, ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՄԱԿ-ի առաքելության խմբի ԼՂ կատարած այցի և այդ ընթացքում արված արձանագրումների մասին հարցին։
«Վկայակոչում եք մեկ-երկու օր առաջ ՄԱԿ-ի համապատասխան խմբի մուտքը ԼՂ։ Դրան իմ արձագանքը հետևյալն է՝ եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է, չափազանց քիչ»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ Միրզոյանը հույս է հայտնել, որ սա չէ այն արձագանքը, որը ՄԱԿ-ը և նրա գործակալությունները պիտի ցուցաբերեն:
«Ես, որքան գիտեմ, պատրաստվում է համապատասխան գործակալության՝ այդ առաքելությունն իրականացրած գործակալության հայտարարությունը, և այն եզրակացությունները, որոնք արվել են, այդ գործակալությանը չեն: Համենայն դեպս, սա այն է, ինչը ինձ հավաստիացրել են, նաև միաժամանակ հավաստիացրել են, որ լինելու է համապատասխան հայտարարություն հենց այդ գործակալության կողմից. կսպասենք, կտեսնենք»,- հավելել է Միրզոյանը:
Հոկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի առաքելությունը հայտնել էր Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքների մասին և նշել տարածաշրջանում մնացած հայերի թիվը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։