ԶԼՄ-ները հայտնել են Արցախում վառելիքի պահեստի պայթյունի վարկածները, գրել է «Ժողովուրդ»-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացիները բենզինի տարաները լցրել ու բաժանել են միմյանց, ինչի ընթացքում բենզինը թափվել է հատակին, մի քաղաքացի ծխախոտը գցել է հատակին, ինչի հետևանքով պայթյուն է եղել։
Արցախի քննչական կոմիտեն տեղափոխվել է Հայաստան ու քննում է բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի դեպքը: Լրատվականը չի բացառել, որ քրեական գործն առաջիկայում տեղափոխվի ՀՀ քննչական կոմիտեի վարույթ:
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքից 170 աճյուն և մասունք է հայտնաբերվել։ Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։ Ավելի ուշ ԱՀ ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած պայթյունից։