Ադրբեջանը Pegasus լրտեսական ծրագիրն օգտագործել է հայ պաշտոնյային, ինչպես նաև լրագրողներին և հայկական անկախ լրատվամիջոցների սեփականատերերին լրտեսելու համար, հայտնել է ԵԽԽՎ մամուլի ծառայությունը:
«Վերջին զեկույցները ցույց են տվել, որ այն օգտագործվել է Հայաստանում աշխատող 12 մարդու, այդ թվում՝ մեկ պետական պաշտոնյայի դեմ, ինչը, ըստ ամենայնի, անդրազգային նպատակային լրտեսության օրինակ է»,- ասվում է Pegasus-ի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևում։
Նշվում է, որ տվյալ անձինք այս կամ այն կերպ առնչվում են հայ-ադրբեջանական հակամարտությանը։
ԵԽԽՎ-ն կոչ Է արել Բաքվին հետաքննել լրտեսող ծրագրերի օգտագործման հաստատված և ենթադրյալ բոլոր դեպքերը, բավարար փոխհատուցում տրամադրել լրտեսող ծրագրերից տուժածներին և պատժամիջոցներ կիրառել Pegasus-ը կիրառած անձանց նկատմամբ։ Ըստ բանաձևի՝ լրտեսող ծրագրերը չարաշահել են նաև Լեհաստանը, Հունգարիան, Հունաստանը և Իսպանիան։
Հոկտեմբերի 4-ին ֆրանսիական Intelligence Online պարբերականը հայտնել էր, որ Pegasus ծրագրի մշակող, իսրայելական «NSO Group» կիբեռընկերությունը վերջին տարիներին աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին: ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելի աջակցությունը վճռորոշ է եղել սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած գործողության հաջողության մեջ: