Նիդերլանդների խորհրդարանը հոկտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումների ժամանակ երկու միջնորդություն է ընդունել, հայտնում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան: Դրանցից մեկը վերաբերում է Հայաստանին ռազմական օգնությանը, մյուսը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին։
Ռազմական օգնության միջնորդությամբ խորհրդարանը նշում է, որ Լեռնային Ղարաբաղ ներխուժելուց հետո Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի վրա հարձակվելու ծրագրերի մասին։ Խորհրդարանը խնդրել է կառավարությանը ԵՄ մյուս երկրներին հորդորել դրականորեն արձագանքել ռազմական օգնության Հայաստանի հնարավոր խնդրանքին, նշում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան։
Խորհրդարանը խնդրել է կառավարությանը հետաքննել, թե ավելի քան ինը ամիս տեւած շրջափակումից և հանրապետության վրա հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում հայերի արտագաղթը մտնում է արդյո՞ք էթնիկ զտումների սահմանման մեջ:
Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան հիշեցնում է, որ սեպտեմբերի 21-ին երկրի վարչապետ Մարկ Ռյուտեի հետ ամենամյա բանավեճի ժամանակ խորհրդարանն առաջարկել է պահանջել միջազգային մարդասիրական աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղում իրավունքների երաշխավորման համար և ուսումնասիրել հնարավոր եվրոպական պատժամիջոցները, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացման դեպքում Ադրբեջանի հետ ԵՄ գազային գործարքի կասեցումը։ Առաջարկն ընդունվել է ճնշող մեծամասնությամբ այն բանից հետո, երբ Ռյուտեն անընդունելի է որակել Ադրբեջանի հարձակումը և խորհրդարանին վստահեցրել, որ «Նիդեռլանդների մասով պատժամիջոցներն արդեն սեղանի վրա են»:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։