Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանի և Եվրոպական հանձնաժողովի վիզաների քաղաքականության հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Անտուան Սավարի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 7-րդ նիստը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Նշվում է, որ հանդիպմանը հայկական կողմը ներկայացրել է «ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կիրարկման հետ կապված խնդիրները՝ մասնավորեցնելով այն դրույթները, որոնց պահանջները չեն կատարվում։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքացիների կողմից ստացվող բողոքներին, ներկայացվել են հետընդունման հարցում համագործակցության դրական ցուցանիշներն ու Հայաստանի արձանագրած առաջընթացը:
Գերատեսչության փոխանցմամբ՝ ԵՄ կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ լուծումներ փնտրել՝ խնդրո առարկա հարցում իրավիճակը շտկելու համար։
Իր հերթին՝ Արա Մարգարյանն անդրադարձ է կատարել նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությանը՝ նշելով, որ հարցը Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում է: