Սոցիալական ցանցում տարածված, առերևույթ ՀՀ վարչապետի ձայնի նմանակմամբ և պատկերի օգտագործմամբ, իբրև թե 100 000 ՀՀ դրամ վաստակելու մասին հայտարարության տեսանյութի հրապարակման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, հավանաբար արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ, հրապարակվել և տարածվել է տեսանյութ, որում ՀՀ վարչապետը, իբրև թե, հայտնում է, որ Մարկ Ցուկերբերգի հետ համատեղ մշակված նախագծով «Լիբռա» անունով կայքին միանալու դեպքում հնարավոր է օրական 100 000 ՀՀ դրամ վաստակել։ Նման եղանակով փորձ է արվում ՀՀ քաղաքացիներին, վստահությունը չարաշահելով ու խաբեությամբ, ներգրավել անհայտ ծագում ունեցող ծրագրերում և նրանցից գումարներ հափշտակել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի (Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով) հատկանիշներով: