«Ժողովուրդ» օրաթերթն Արցախի ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահրամ Բալայանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ Արցախի պատգամավորներն այստեղ արտահերթ նիստ չեն հրավիրում և Արցախի ինքնորոշման հարց չեն բարձրացնում: Արցախցի պատգամավորը, թերթի հարցին պատասխանելով, ասել է, որ ժամանակը կգա, դա էլ կլինի, մինչ այդ դեռ շատ գործեր կան:
«Միայն արտահերթ նիստ հրավիրելով ու դրանով բավարարվելով չէ, պետք է աշխատանք կատարել վաղվա համար, ինչ-որ պայմաններ ու հեռանկարներ ստեղծել: Սրանք իմ պատկերացումներն են, ես չեմ ասում՝ աշխատանքի արդյունքում ինչ-որ բանի միանգամից կհասնես, բայց ժամանակի ընթացքում տևական աշխատանքն արդյունք տալիս է: Արտահերթ նիստ հրավիրելը հեշտ է, բայց միայն դա չէ. պատկերացրե՛ք՝ նիստ հրավիրեցինք, հայտարարություն տարածեցինք ու գնացինք տներով. այդպես չի լինի: Պետք է ծրագրված քայլերով աշխատանք տարվի, չպետք է նիստ անենք, լրագրողները գրեն դրա մասին ու վերջ. սիստեմատիկ քայլեր են պետք»,- շեշտել է պատգամավորը:
Թերթը հետաքրքրվել է նաև՝ դիմե՞լ են արդյոք Արցախի՝ ապօրինի գերեվարման մեջ գտնվող ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի տեղակալ Գագիկ Բաղունցին արտահերթ նիստ հրավիրելու համար: Բալայանը, ըստ աղբյուրի, հայտնել է, որ զրուցել է նրա հետ, բայց արտահերթ նիստի հարց չի քննարկվել:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։ Համաձայն ՀՀ ՔԿ վերջին տվյալների՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։