«Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Անժելա Նալբանդյանը (դաշինքի նախընտրական ցուցակի 48-րդ համարը) չի վերցնի պատգամավորական մանդատը, որը պետք է ստանար դաշինքի պատգամավորներ Արմեն Չարչյանի, Միհրդատ Մադաթյանի (դաշինքի ընտրական ցուցակի 47-րդ համար) և Գերասիմ Վարդանյանի (դաշինքի նախընտրական ցուցակի 49-րդ համարը) կողմից պատգամավորական մանդատներից հրաժարվելուց հետո։
Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ չի ստանձնի մանդատը «հասկանալի պատճառներով»՝ հաշվի առնելով անցած տարվա նոյեմբերին Ազգային ժողովը լքելու «Վերածնվող Հայաստան» կուսակցության որոշումը։
Դաշինքի ցուցակում հաջորդը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է՝ Լևոն Քոչարյանը։
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ դաշինքը որոշել էր մանդատը փոխանցել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին (դաշինքի նախընտրական ցուցակի 50-րդ համարը), ով կալանավորվել էր սեպտեմբերի 25-ին ( հոկտեմբերի 19-ին դատարանը երկարացրել էր կալանքը երկու ամսով): «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Armenia Today-ի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր այս տեղեկությունը և հորդորել էր սպասել Լևոն Քոչարյանի հայտարարությանը։