Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը ՀՀ կառավարությանն առաջարկել է ավելի բարձր վարձատրել ծառայության աշխատակիցներին։ ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ծառայության պետի առաջարկած նախագծին։
Ըստ նախագծի հիմնավորման՝ ծառայության աշխատակիցներն այժմ ստանում են 291,200 ՀՀ դրամ, որը «չի կարող համարժեք լինել պահանջվող որակավորմանը, սահմանափակումներին և աշխատանքի ռիսկայնությանը»։
«ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը, որպես նոր ստեղծվող ծառայություն և ՀՀ անվտանգային համակարգի բաղկացուցիչ մաս, իր առջև խնդիր ունի ներգրավվելու բարձր որակական հատկանիշներ, մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող, մշտապես կատարելագործվող, արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ կադրերով։ Բացի այդ, արտաքին հետախուզական գործունեությունը պահանջում է բարձր հանրային և անձնական պատասխանատվություն, գաղտնապահություն, ինչպես նաև ծառայողի համար ենթադրում է մի շարք սահմանափակումների առկայություն»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Ծառայությունում մատնանշել են նաև գործունեության գաղտնի բնույթը, որը կարող է գաղտնակիրներին թիրախավորելու, գաղտնիքին տիրանալու, ինչպես նաև օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հնարավոր թիրախավորման ռիսկեր ունենալ։
Այս հիմնավորումներով Գրիգորյանն առաջարկել է ծառայության առանձնահատկություններով պայմանավորված ծառայողներին տրվող հավելումներ սահմանել:
«Բացի այդ, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության համար կսահմանվի բացառություն, ինչը վերջինիս թույլ կտա յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի ընդհանուր գումարի մեջ գերազանցել հավելումների համար սահմանված 10%-ի շեմը։ Հավելումները նախատեսվում է սահմանել յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով Արտաքին հետախուզության ծառայության համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում: Հավելումների վճարումներն իրականացվելու են Արտաքին հետախուզության ծառայության ծառայողների աշխատավարձի վճարման հետ միաժամանակ»,- հավալել են ծառայությունում։
Ավելի բարձր վարձատրությունը, ըստ Գրիգորյանի, թույլ կտա ծառայությունում ներգրավել որակյալ, համապատասխան գիտելիքներ և ծառայության առանձնահատկություններին համապատասխան մասնագետներ։