Եվրամիության 27 երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում այսօր՝ նոյեմբերի 13-ին, կքննարկվեն Արցախի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի հայտարարությանը։ Նիստը տեղի կունենա Բրյուսելում:
«Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ նախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, ինչպես նաև Երևանի աջակցությունն այդ հարցում: Դիվանագետը հայտնել է, որ Եվրամիությունը կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան «Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքների»։
Բացի այդ, ըստ ԵՄ ներկայացուցչի, ԵՄ-ն քննարկում է Հայաստանին իր կայունության ամրապնդման գործում աջակցելու հնարավորությունը, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։