Երուսաղեմի հայերն արգելափակել են «Կովերի պարտեզ» կոչվող այգու մուտքը, այս մասին X-ում (նախկին Twitter) գրել է լրագրող Գեղամ Բալյանը:
Նա գրել է, որ նոյեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 5:00-ի սահմաններում, Երուսաղեմի Հայոց պատրիարքությունից Տ. Վազգեն Ալեքյանն ահազանգել է Այգու պահպանման շարժման (Save the Arq) անդամներին՝ ասելով, որ բուլդոզերը փորձում է քանդել պատը:
«Հայերի մի մեծ խումբ հավաքվել էր տեղում՝ ի նշան բողոքի, և Պատրիարքարանի հետ համագործակցությամբ պատնեշել է պատի մուտքը մեքենաներով և մարդկանցով՝ խոչընդոտելու հայկական տարածքում հետագա անօրինական շինարարական աշխատանքներին»,- հայտնում է նա:
Պատը քանդելու փորձը կրկնվել է նաև հաջորդ օրը: Հանդիպելով հայերի վճռականությանը՝ նրանք նորից հետ են քաշվել: Բալյանի խոսքով՝ պատերազմի քաոսի մեջ լույսի մի շող է Երուսաղեմի հայերի միասնությունը:
«Մեր հաղթանակը մեր միասնության մեջ է և միայն, միայն դրանում»,- համոզված է նա։
Ավելի վաղ Գեղամ Բալյանը հայտնել էր, որ XANA Capital-ը՝ Ջորջ Ուորվարի գլխավորությամբ, նախաձեռնել է չարտոնված շինարարական աշխատանքներ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող Կովերի այգի անունով վիճելի հողում, որը գտնվում է հայկական թաղամասում:
Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել էր, որ պատրիարքությունը նամակ է ուղարկել «Xana Gardens Ltd»-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը։ Գոգչյանը տեղեկացրել էր նաև, որ նամակին պատասխան տալու փոխարեն երկրորդ կողմը սկսել է կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել:
Ճռնազեանը 2023 թվականի հունիսի 21-ին BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին շքեղության զարգացման համար» փոխանցելու մասին։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրխան Մանուկյանը, ըստ հրապարակման, ընդունել էր, որ հողի վարձակալության պայմանագիր է կնքել, սակայն ասել էր, որ դարձել է իր ենթակայի՝ տեղի հայկական եկեղեցու քահանա Խաչիկ Երիցյանի խաբեության զոհը, ով ավելի ուշ հեռացվել էր: