Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոցում հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա, նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է ՀՀ ՔԿ-ն։
«2023թ․ նոյեմբերի 16-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոցում գտնվող երկհարկանի տանը ստեղծել են թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա»,-ասված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով (իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ կատարվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել է 218 հատ կանեփ բույսի նմանվող թուփ, 1 պլաստմասե տարրա՝ 2 փաթեթ՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներով, 1 պլաստմասե տարրա՝ 6 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներով, 1 կշեռք, որի վրա առկա են եղել սպիտակ բյուրեղանման զանգվածի և դեղնականաչավուն գույնի բուսական զանգվածի հետքեր, 3 փաթեթ՝ սպիտակ փոշենման զանգվածներով, 1 պարկ կանեփանման բույսի տերևներով, ուլտրամանուշակագույն լույս արձակող սարքեր, օդը խոնավեցնող և չորացնող սարքավորումներ, պարարտանյութեր, կանեփի թփերի աճեցման համար նախատեսված տարաներ, թփերը ջրելու համար նախատեսված համակարգ, մետաղական ցանցեր՝ կանեփի բույսերը չորացնելու համար և այլ հարմարեցված առարկաներ: «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածները ընդհանուր կազմել են 6599,199 գրամ։
Նշվում է, որ խուզարկության արդյունքում պարզվել է նաև, որ նշված երկհարկանի տան բոլոր տարածքներն օգտագործվել են թմրամիջոցներ աճեցնելու, մշակելու և արտադրելու նպատակով․ երկհարկանի տունը հանձնված է եղել վարձակալության, իսկ թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիայում աշխատում են նաև այլ երկրից ժամանած մասնագետներ: