Եթե ուզենամ էլ, չեմ կարող ասել՝ անկլավների հարց չկա, որովհետև Արծվաշենը Հայաստանի ինքնիշխան տարածք է, ես չեմ կարող ուղղակի ասել՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի այս կտորի հետ մենք գործ չունենք, քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Եթե ասենք անկլավների հարց չկա, պետք է նաև ասենք՝ էքսկլավի՝ Արծվաշենի հարց չկա, բայց երկու հարցերն էլ կան։ Հետևաբար, խաղաղության գործընթացում այդ երկու հարցերն էլ պետք է կարգավորվեն»,- հավելել է Փաշինյանը։
Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԽ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ «Ադրբեջանի 8 գյուղեր դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ և ընդգծել դրանց ազատագրման կարևորությունը»։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք»։
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ շուրջ 200 քառ կմ ՀՀ տարածք հիմա գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո:
Նոյեմբերի 7-ին Բաքուն հայտարարել էր, որ Հայաստանը «դեռ չի վերադարձրել 8 գյուղ Ադրբեջանին»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, այսպես կոչված, հաղթանակի տոնի կապակցությամբ իր հայտարարության մեջ ՀՀ տարածքում գտնվող 8 գյուղերն անվանել էր «օկուպացված»։
Մանրամասները՝ տեսանյութում