Լավ առիթ է ներկայացնելու մերօրյա Հայաստանը, մեր առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև մեր հնարավորություններն ու ձգտումները, Բրյուսելում լրագրողներին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Սա շատ լավ հնարավորություն է ներկայացնելու մեր պատկերացումները ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու, Հայաստանի և ԵՄ-ի միջև իրականացված աշխատանքների, ինչպես նաև անելիքների վերաբերյալ»,- ընդգծել է նախարարը:
Միրզոյանը նաև երախտագիտություն է հայտնել Եվրոպական միությանը՝ ժողովրդավարական բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների հրատապ կարիքները հասցեագրելուն, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համար:
Դեկտեմբերի 7-ին հայտնել էինք, որ Հայաստանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կմասնակցի Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը: ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ: