Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենին և նրա տեղակալներին նշանակելու է վարչապետը, ոչ թե նախագահը։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել համապատասխան օրինագծին, որը կընդգրկվի խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում։
Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, ներկայացնելով օրինագիծը, նշել է, որ «Պետական կառավարման համակարգի մասին» օրենքի համաձայն՝ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ գործող կանոնակարգով՝ ԱԱԾ տնօրենին և նրա տեղակալներին նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը։
«Այս օրինագծի շրջանակներում մենք վերանայել ենք գործող կանոնակարգը, որպեսզի վերոնշյալ անձանց նշանակումն ու ազատումը կատարի վարչապետը։ Այս պայմաններում հնարավոր կլինի ապահովել գործող նորմերի համապատասխանությունը «Հանրային ծառայության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներին»,- ասել է Արդարադատության փոխնախարարը։
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի կարգավորումների 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական լիազոր մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկությամբ, իսկ պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալներին՝ Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա՝ «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: