Գարեգին Նժդեհի ծննդյան օրը` հունվարի 1-ին, նրա արձանի դիմաց տարօրինակ ու անչափ վտանգավոր իրադարձություն տեղի ունեցավ, որը հայաստանյան դաշտում որոշակի քննարկումներից հետո մարվեց, գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Խոսքն այդ օրը տեղի ունեցած «միջոցառման» մասին է, որտեղ մի խումբ անձինք, ֆաշիստական սիմվոլիկայով փաթեթավորված ակցիա իրականացրեցին: Մինչև այս պահը ինձ հայտնի չէ, թե ովքե՞ր էին իրականացնողները, ո՞վ էր այդ ակցիայի հետևում կանգնած և կոնկրետ ի՞նչ նպատակի էր ծառայում այն: Այդ ակցիայից հետո ադրբեջանա-թուրքական քարոզչությունը նաև այդ ուղղությամբ ակտիվացավ` փորձելով վերակենդանացնել Նժդեհին վերագրվող ֆաշիստական գաղափարները, որը բազմիցս քաղաքական-գիտական առումով պարզաբանվել է և հերքվել է: Կրկնում եմ` ես տեղյակ չեմ ակցիայի նախաձեռնողներից, առավել ևս` իրական դրդապատճառներից և նպատակներից, բայց որ այս ամենում խնդրահարույց հարցեր և սպառնալիքներ կան` ակնհայտ է»,- նշել է նա:
Պատգամավորն անընդունելի է անվանել Նժդեհի կերպարի և գործունեության ցանկացած խեղաթյուրում կամ այլ գաղափարների վերափոխում։
«Նժդեհը հայ ազգի արժանավոր զավակն է, մեծ հայրենասեր, ով իր ողջ կյանքը նվիրել է մեր հայրենիքի պաշտպանությանն ու ազատագրմանը: Նժդեհի կյանքը, գաղափարները, խոսքն ու գործունեությունը հրապարակային են եղել և դրանք արտացոլված են տարբեր գիտնականների և հետազոտողների աշխատություններում և չեմ կարծում, թե դա կարող է կասկածի տեղիք տալ»,- հավելել է նա: