«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանն արձագանքել է կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու մասին հայտարարությանը՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մեղադրելով Հայաստանի իշխանություններին ընտրություններին ընդառաջ կուսակցությունը «պայթեցնելու» փորձի մեջ։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի հեղինակները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն են, ովքեր «ամեն ինչ ուզում են անել «Հանրային ձայն» կուսակցությունը պայթեցնելու համար»։
Ղուկասյանը կարծիք է հայտնել, որ իշխանություններն ընտրությունների նախօրեին «Հանրային ձայն»-ի նախագահ Արտակ Գալստյանին, ով գտնվում է բանտում, հանձնարարել են ոչնչացնել կուսակցությունը։
«Արտակ Գալստյանն այս պահի դրությամբ գտնվում է քրեակատարողական հիմնարկում, որտեղ արգելված է պահել հեռախոս։ Բայց մենք տեսնում ենք, որ Արտակ Գալստյանը շատ օպերատիվ նյութեր է տեղադրում, Վարդան Ղուկասյանին են հեռացնում, եսիմ ինչ են անում։ Վարդան Ղուկասյանը նոր չի, որ ունի ՌԴ քաղաքացիություն, ես երկքաղաքացի եմ, և կուսակցության հիմնադրման հիմքում եղել է Վարդան Ղուկասյանը, չի լինի Վարդան Ղուկասյանը, չի լինի «Հանրային ձայնը»,- ասել է նա՝ մեկնաբանելով կուսակցության խորհրդի հայտարարությունը ՌԴ քաղաքացիության պատճառով իրեն անդամությունից զրկելու մասին։
Վերջինս նաև հայտարարել է, որ կուսակցության կանոնադրության համաձայն՝ իր լիազորությունները չեն կարող դադարեցվել։
«Կուսակցությունն ունի կենտրոնական մարմին՝ բաղկացած 29 հոգուց, մինիմում 17 հոգի պիտի հավաքվի, որպեսզի որոշում կայացնեն դադարեցնել ինչ-որ մեկի լիազորությունները։ Արտակ Գալստյանին հարց տվեք՝ դու 17 հոգի որտե՞ղ ես հավաքել, բերդո՞ւմ, ցույց տուր այդ 17 հոգու ստորագրությունը, որ մարդ, ումից իրանք ծնվել են, դադարեցնում են պապայի լիազորությունները, ովքե՞ր են, ցույց տուր այդ թուղթը»,- նշել է նա՝ հավելելով, որ կուսակցության գերակշիռ մասը դիմել է իրեն և խնդրել գումարել համագումար, որ որոշեն՝ «Արտակ Գալստյանի հետ են շարունակելո՞ւ, թե՞ Վարդան Ղուկասյանի»։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տարածվել էր կուսակցության տնօրենների խորհրդի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի անդամակցությունը դադարեցնելու մասին։
«Հայտարարում ենք, որ Վարդան Ղուկասյան անունով անձն այլևս որևիցե քաղաքական առնչություն չունի ո՛չ «Հանրային ձայն» կուսակցության և ո՛չ էլ կուսակցության Երևան քաղաքի ավագանիում գործող ֆրակցիայի հետ, և ո՛չ կուսակցության և ո՛չ էլ ավագանու անդամները չունեն պարտավորություն՝ վերջինիս հրահանգները կամ ցուցումները կատարելու, Երևանի քաղաքապետարանի գործունեության մասին նրան տեղեկատվություն փոխանցելու»,- ասված էր հաղորդագրությունում։
Նշվել է նաև, որ իրենց իսկ հայտարարությունների հիման վրա դադարեցվել է կուսակցության խորհրդի ևս 11 անդամների անդամությունը։ Խորհուրդը նաև ընդգծել էր, որ հունվարի 19-ին «Մարիոթ» հյուրանոցում Ղուկասյանի հայտարարած հանդիպումը կապ չունի «Հանրային ձայն»-ի հետ։
2023 թվականի սեպտեմբերին «Հանրային ձայն» կուսակցությունն ստացել էր Երևանի ավագանու 7 մանդատ։