Հունվարի 13-ին Նյու Յորքում տեղի կունենա «Հրաշալի! Ազնավուր»-ը, որը նվիրված է հայազգի ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին, հաղորդում է Նյու Յորքի քաղաքապետարանը։ «Շոուն մեզ հետ է տանում Փարիզի փողոցներ Լա Բոհեմի ժամանակաշրջանում, որպեսզի նրա մեծագույն երգերի միջոցով պատկերացում տա Շառլ Ազնավուրի անհավատալի կարիերայի մասին, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում և կազմում են համաշխարհային երաժշտական ժառանգության անբաժանելի մասը»,- ասվում է ներկայացման նկարագրության մեջ։
Շանսոնյեի դերում հանդես կգա Ժյուլ Գրիսոնը։ Ներկայացում-համերգի հեղինակ և բեմադրիչ Ժիլ Մասալան միջոցառումն անցկացնելու համար ստացել է Ազնավուրի համաձայնությունը՝ շանսոնյեի մահից երկու տարի առաջ՝ 2018թ.:
«Ես հանդիպեցի Շառլ Ազնավուրի հետ 2016 թվականի հոկտեմբերի 15-ին Նյու Յորքի Մեդիսոն Սքուեր Գարդենում՝ նրա վերջին համաշխարհային շրջագայության ժամանակ՝ ներկայացնելու նրան շոուի գաղափարը: Ամբողջ աշխարհում մեր աշխատանքի համբավի ու երիտասարդ սերնդին ձեռք մեկնելու նրա ցանկության շնորհիվ, Ազնավուրն իր համաձայնությունն է տվել»,- ասել է նա:
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում և մահացել 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի Մուրիես կոմունայում՝ 95 տարեկան հասակում։ 2023 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր օրացույցում ներառեց Ազնավուրի հարյուրամյակը, որի հայտը ներկայացրել էր հայկական կողմը Ֆրանսիայի հետ միասին՝ Անդորրայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Մոնակոյի, Պորտուգալիայի, Սենեգալի և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոնիայի մի խումբ դեսպանների աջակցությամբ: