Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերի հետ, հայտնում է ՀՀ նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանի ընդհանուր իրադրությունն ու առկա հումանիտար մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել գործակալության ղեկավարի տարածաշրջանային վերջին այցի արդյունքներին: Հանրապետության նախագահը վերստին ընդգծել է կայուն և տևական խաղաղության հասնելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և նշել է, որ խաղաղության գործընթացն այլընտրանք չունի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է նաև մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերի համատեղման կարևորությունն ու հետագա քայլերի անհրաժեշտությունը: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության և գործակալության ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ, ինչի կապակցությամբ Սամանտա Փաուերը վերահաստատել է համագործակցության շրջանակների ընդլայնման ուղղությամբ կազմակերպության պատրաստակամությունը:
Գերատեսչության փոխանցմամբ՝ զրուցակիցները բարձր են գնահատել շուրջ երեք տասնամյակ Հայաստանի և «USAID»-ի միջև առկա սերտ համագործակցությունը և կարևորել են նպատակային փոխգործակցության հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերի շարունակականությունը:
ՀՀ նախագահի հետ հանդիպմանը X-ի միկրոբլոգում անդրադարձել է նաև ինքը՝ Փաուերը՝ վերահաստատելով Հայաստանի ժողովրդին իրենց վճռական աջակցությունը։