Հայ կոմպոզիտոր Մերի Կույումջյանի «Երկրպագություն» կամերային օպերան կցուցադրվի հունվարի 20-ին Նյու Յորքի «Շին» մշակութային կենտրոնում, հայտնում է կենտրոնի կայքը։
«Երկրպագությունը պատմում է երկու միաժամանակյա՝ ահաբեկչության և դավաճանության գեղարվեստական պատմություն, որը հարում է ընտանեկան կռվի և ինչ-որ այլմոլորակայինի մերժման իրական պատմությանը»,- ասվում է օպերայի նկարագրության մեջ:
Օպերան Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» համանուն ֆիլմի ադապտացիան է և պատմում է որբ, ավագ դպրոցի աշակերտ Սայմոնի մասին։ Օպերայի լիբրետոն գրել է կանադացի դրամատուրգ Ռոյս Վավրեկը։ Օպերայի ռեժիսորը Լեյն Ռեթմերն է, իսկ երաժշտական ղեկավարը՝ դիրիժոր Ալան Փիրսոնը։
Կույումջյանը նաև երաժշտություն է գրել Նյու Յորքի ֆիլհարմոնիկի, Քրոնոս քառյակի և այլ երաժշտական խմբերի համար, որոնք ելույթ են ունենում Քարնեգի Հոլում, Լինքոլն կենտրոնում և Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում: