Այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձն է։
1991 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Պաշտպանության նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը: Նա նորանկախ Հայաստանի առաջին պաշտպանության նախարարն էր։
1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, կառավարությունն ընդունել էր «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը: Արդեն 1994-ի հունիսից վերջնականապես ընթացք էին ստացել բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները:
Հայոց ազգային բանակի կազմավորման հարցում առաջնահերթ նշանակություն էր ստացել ազգային պետության անվտանգության և անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել մարտունակ բանակը։ Հայոց բանակի ակունքներում կանգնած էին դեռևս 1990 թվականի սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջևանի ու Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը։ 1992-1993 թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվել էր շարժունակ և կարգապահ բանակ։
Հայաստան էին վերադարձել հարյուրավոր հայազգի սպաներ, որոնք մինչև այդ ծառայում էին Խորհրդային բանակի տարբեր զորամիավորումներում։ Նրանք լծվել էին բանակաշինության, հայրենիքի անվտանգության ապահովման գործին։ Հետագայում կազմակերպվել էր նաև սպայական կադրերի պատրաստման բարձրագույն դպրոցը, ամրապնդվել նյութատեխնիկական բազան։
Հայոց բանակն իր պատմության ամբողջ ընթացքում անցել և անցնում է ծանր ու դժվար ճանապարհով, բայց, անկախ ամեն ինչից, բանակը կանգուն է՝ շնորհիվ հայ զինվորի ամուր բռունցքի ու անկոտրուն ոգու։
Շնորհավորում ենք բոլոր զինծառայողներին։ Փառք ու պատիվ, նաև երախտիք ու խոնարհում մեր անձնվեր հերոսների հիշատակին: Շնորհավո՛ր տոնդ, Հայկական բանակ և հայ զինվոր: