Երևանի քաղաքապետարանը հայտնել է Օղակաձև այգու թենիսի կորտերի կառուցման նոր վայրը։ Քաղաքապետարանը պատրաստվում է նոր կորտեր կառուցել Մայր Հայաստան արձանի հարակից ավտոկայանատեղիի տարածքում, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Արձանի հարակից տեղակայված ավտոկայանատեղիի տարածքում կար ֆուտբոլի դաշտ կառուցելու նպատակ, սակայն այժմ որոշվել է այնտեղ թենիսի կորտեր կառուցել»,- հայտնել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը և նշել, որ տարածքը կորտերի համար ավելի նպատակահարմար է, և շատ գեղեցիկ կլինի։
Ավինյանը հայտարարել է, որ պատրաստվում են «Միկա» համալիրը տեղափոխել քաղաքապետարանի բալանս, որտեղ կկազմակերպվի համայնքային սպորտային միավոր, որի կարիքը շատ ունեն։
Հունվարի 15-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանել էր Օղակաձև այգու վերակառուցման, «Արարատ» թենիսի ակումբի քանդման մասին քննարկումները և մատնանշել, որ վերակառուցման ծրագիրը քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում է լինելու, ակումբը գործելու է մեկ այլ վայրում, ավելի լավ պայմաններում:
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը որպես հանրային տարածք ծառայի։
Մանրամասն՝ տեսանյութում։