ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ տեղի ունեցած միջադեպը։ «Խստորեն դատապարտում ենք հունվարի 29-ին Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ կատարված վանդալիզմը։ Խորը ցավով նշում ենք, որ սա Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ։ Կատարվածն անընդունելի համարելու լուրջ արձագանք ենք տեսնում բարեկամ հայ ժողովրդի կողմից։ Մենք նույնն ենք ակնկալում հանրապետության իշխանություններից, ինչպես նաև ապագայում բարբարոսության նման դրսևորումների կանխում»,- ասված է գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։
Ենթադրվում է, որ «նմանատիպ արարքներին նպաստում է հանրապետությունում սկսված հասարակական արշավը՝ Ռուսաստանը և նրա դերը Հարավային Կովկասում նսեմացնելու նպատակով»։
«Մենք թույլ չենք տա ծաղրել 1 միլիոն 384 հազար լենինգրադցիների օրհնյալ հիշատակը, ովքեր զոհվել են պաշարման ժամանակ»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում և հավելել, որ «աղաղակող հանցագործության» առնչությամբ համագործակցում են համապատասխան դաշնային գերատեսչությունների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հետ, որը քրեական գործ է հարուցել վանդալիզմի այս արարքի համար։
Նշվում է, որ Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենը պաշտոնական դիմում է ուղարկել Հայաստանի գլխավոր դատախազություն։ «Արձանագրվել է, որ հունվարի 30-ի երեկոյան Հայաստանի իրավասու մարմինները քրեական գործ են հարուցել»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հունվարի 29-ին Telegram-ի ալիքներում տեսանյութ էր հրապարակվել, որում մի տղամարդ Երևանի «Պաշարված Լենինգրադի երեխաներին» նվիրված հուշահամալիրի մոտ դրված ծաղկեպսակները շուռ էր տալիս։ Տեսանյութում լսվող ձայնը մեկնաբանել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը, թե «ոչ մի փաստաթուղթ չկա, որ Արցախում էթնիկ զտումներ են տեղի ունեցել» և հարց էր տվել՝ «իսկ կա՞ փաստաթուղթ, որ Լենինգրադում շրջափակում է եղել»:
Հունվարի 30-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ իր վերահսկողության տակ է վերցրել հուշարձանի պղծման գործը: Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել խուլիգանության հոդվածով։