Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ գերատեսչությունն աշխատում է գնումների մասին նոր օրենքի վրա: Նա այդպես է մեկնաբանել հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, որ գնումների 20-ամյա համակարգն արդյունավետ չէ, գնումները ռացիոնալ չեն կազմակերպվում, հաշվի չեն առնվում գինն ու որակը, և այդ համակարգն «ստիպում է» խախտել գնումների համակարգը՝ արդյունք ստանալու համար:
Հովհաննիսյանի խոսքով՝ նոր օրենքն ավելի «համապատասխան և ճկուն» կլինի իրականությանը:
«Գնումների ներկայիս օրենքը և այն կարգավորումները, որոնք ունենք, հնարավորություն են տալիս բավականին ճկուն ձևով անել այն, ինչ անհրաժեշտ է: Այլ հարց է, որ կան ընթացակարգեր, որոնք երաշխավորում են որոշակի հակակոռուպցիոն երևույթներ, կան հարցեր, որոնք երաշխավորում են թափանցիկություն, հաշվետվողականություն, մրցակցության ապահովում»,- ընդգծել է նա:
Ֆինանսների նախարարը նշել է, որ ցանկացած ճկունություն բերելու է ռիսկերի ավելացման:
«Պետք է հաշվի առնել, որ ցանկացած լավարկում մեկ այլ կողմից առաջացնում է խնդիրներ: Մենք այստեղ պետք է ճիշտ բալանս գտնենք, որպեսզի պետությունը կարողանա արագ, արդյունավետ, իր կարիքների համար անհրաժեշտ, բայց, միաժամանակ, տնտեսությանը ճիշտ խթաններ ստեղծելու, տեղական արտադրությունը, մատակարարների կարողությունները զարգացնելու խնդիր լուծել»,- նշել է նա: