Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր բախումների հավանականությունը։ Նա լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջանի՝ փետրվարի 13-ին Սյունիքի Ներքին Հանդ գյուղի հատվածում 4 հայ զինվորականի կյանք խլած գործողությունն իրավիճակի տրամաբանական շարունակությունն է։
«Շաբաթներ առաջ ասացի, որ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, այն կրկնակի կապիտուլյացիա է լինելու։ Այս ընթացքում, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի խոսույթում նոր որակումներ են հայտնվել, որոնք հրահանգների ու ցուցումների են նման։ Չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձությունները կարող են կրկնություններ ունենալ տարբեր հատվածներում»,- ասել է Սարգսյանը։
Նա չի բացառել, որ Ադրբեջանը կշարունակի ճնշումներ գործադրել ու Հայաստանից նոր զիջումներ ստանալ։
«Ադրբեջանը չի կարող հետ կանգնել իր պահանջներից, քանի որ կապիտուլյացիան ուղղակի սպանում է կապիտուլացվողի կամքը։ Մեր բանակին պարտադրում են է՛լ ավելի խեղճացած լինել։ Եթե թշնամու պահանջով խոստանում ես, որ ժամերի ընթացքում հետաքննություն կիրականացնես ու ինչ-որ կրակոցի մեղավորին կգտնես, վաղը չէ մյուս օրը, եթե ադրբեջանցիները ճնշեն, վստահ եմ, մեր զինվորներն անգամ դիմադրելու ցանկություն չեն ունենալու, որովհետև դիմադրելու համար էլ կարող են հետաքննություն անել ու պատժել»,-ընդգծել է երրորդ նախագահը։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր ալիք էր սկսվել փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: ՀՀ ՊՆ-ն հերքել էր, թե փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ է բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։