Ադրբեջանին Տավուշի գյուղերը պետք են Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին կտրելու, Հայաստանի պաշտպանական բնագիծը ջլատելու համար, «Telegram»-ի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Խնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին, ջլատել Հայաստանի պաշտպանական բնագիծը՝ նաև այս հատվածում մեր երկիրը դարձնել է՛լ ավելի խոցելի, իսկ հոգեբանական մակարդակում ամրապնդել Բաքվի վարչախմբի պարագլխի «անպարտելիության» առասպելը մեր և ադրբեջանական հասարակությունների ուղեղում»,- ընդգծել է Ոսկանյանը։
Նա հավելել է, որ ոչ մի պատմական, մշակութային, տնտեսական կամ նման այլ նշանակություն այդ գյուղերն արհեստածին Ադրբեջանի համար, ըստ էության, չունեն։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մանրամասներ էր հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 18-ին Տավուշի մարզ կատարած այցից, ուր նա հանդիպումներ էր ունեցել նաև Ոսկեպարի բնակիչների հետ և, ըստ պատգամավորի, հայտնել էր Հայաստանի 4 գյուղ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մտադրության մասին:
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Բաքուն 8 գյուղի թվում նշել էր Տավուշի մարզի 7 բնակավայր, այդ թվում՝ Ներքին Ոսկեպարը և Վերին Ոսկեպարը։ Մարտի 8-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին պատմել է Տավուշի չորս գյուղի մասին, որոնք Ադրբեջանն առաջին հերթին է պահանջում: