Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ «Национальная оборона» ամսագրին տված հարցազրույցում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հաստատել է՝ Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Միևնույն ժամանակ՝ նշել է, որ կազմակերպությանն անդամակցության կասեցման վերաբերյալ Երևանից որևէ պաշտոնական դիմում չեն ստացել։
«ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին այս փուլում չմասնակցելը Հայաստանի որոշումն է, և մենք, որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ նորմատիվային բազային համապատասխան։ Ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունն աշխատանքային ռեժիմով տեղեկացնում է Երևանում գործող համապատասխան կառույցներին»,- հավելել է Տասմագամբետովը։
Մարտի 26-ին հունական Kathimerini օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ-ն ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չի մասնակցում։ Փետրվարի 22-ին Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Իր հերթին՝ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ կազմակերպությունը Հայաստանից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել իր մասնակցությունը կասեցնելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ն փետրվարի 23-ին ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի խոսքերից հետո Երևանից պարզաբանում էր ակնկալել, իսկ մարտի 6-ին հայտարարել, որ ՌԴ-ն հայկական կողմին Երևանի համար խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդակցությունների է հրավիրել։ Փաշինյանը մարտի 12-ին ասել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե իր բարձրացրած հարցերի պատասխանները չստանա։