Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի է ունեցել SaveTreesYerevan (Փրկենք Երևանի ծառերը) նախաձեռնության բողոքի ակցիան՝ ծառահատումները դադարեցնելու պահանջով:
Ցուցարարների թվում էր Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Մարտի 29-ին նա ահազանգել էր, որ Երևանում ծառափոխության պատրվակով կտրվում կամ արմատախիլ են արվում մայրաքաղաքի մեծ և առողջ ծառերը:
Ցուցարարները վանկարկում էին՝ «Կանաչ Երևան», «Կտրելը՝ Stop», «Էքսպերտիզա» և այլն: Քաղաքապետարանի մոտ հավաքվածների հետ բանակցելու են դուրս եկել քաղաքապետ Տիգրան Ավինյանը, քաղաքապետարանի այլ աշխատակիցներ:
Ավինյանը վստահեցրել է, որ ծառահատումը գիտական հիմնավորում ունի, որոշումը կայացրել են փորձաքննությունից հետո: «Միայն թեղի ծառատեսակներն են փոխարինվում: Վերջին երկու տարում քաղաքապետարանը 35 հատ ծառ է տնկել՝ մոտ 10 հազար ծառ: Դրանց մեծ մասը կենսունակ են ու աճելու են, տասնյակ այգիներ են վերականգնվում»,- նշել է նա:
Ցուցարարները պահանջել են ծառահատումների մասով կրկին փորձաքննություն անցկացնել: Ավինյանը վստահեցրել է, որ փորձագիտական լուծում ներկայացնելու դեպքում պատրաստ է քննարկել այդ թեման: «Գիտական հանրությունից, եթե կարծիք կա, որ թեղիները պետք է պահպանել, խնդրում եմ ներկայացնել: Ակնկալում ենք գիտական կարծիք, որից հետո նորից փորձաքննություն կանենք»,- ընդգծել է նա:
Ակտիվիստների կողմից Armenia Today-ի խմբագրություն ուղարկված հայտարարության մեջ ասվում էր, որ Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն արդեն մոտ 200 ծառ է հատել և առաջիկա օրերին Երևանի կենտրոնական շրջաններում նախատեսում է ոչնչացնել ևս 3000 ծառ։
Մանրամասները՝ տեսանյութում: