Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը բխում է Աստանայի շահերից, ապրիլի 15-ին Հայաստան նախատեսվող այցից առաջ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նա վստահեցրել է, որ Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։
«Որպես խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և կողմնակից՝ Ղազախստանը պատրաստ է աջակցել մեր տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանն ուղղված ցանկացած ջանքերին»,- գործակալությունը մեջբերում է Տոկաևի խոսքերը։
Ղազախստանի ղեկավարը կարծում է, որ Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես նոր տրանսպորտային գաղափար, արժանի է ուշադրության և համակողմանի ուսումնասիրությանն՝ այն փոխկապակցվածության տարածաշրջանային լոգիստիկ կառուցվածքին միացնելու տեսանկյունից։
Տոկաևի խոսքով՝ նախագծերի արդյունավետ խթանման համար գլխավորն այն է, որ բոլոր շահագրգիռ կողմերը փոխընդունելի պայմանավորվածություններ ձեռք բերեն տարածաշրջանում հաղորդակցությունների հետագա ապաշրջափակման վերաբերյալ։
«Տրանսպորտային հաղորդակցության լիարժեք գործունեությունը կարևոր քայլ է ողջ Հարավային Կովկասի տնտեսական ինտեգրման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ: Դա դրական ազդեցություն կունենա տարանցիկ միջանցքների երկայնքով շրջանների բարեկեցության վրա»,- եզրափակել է Ղազախստանի ղեկավարը։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան։