Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Տավուշի մարզի սահմանամերձ տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ Անկարան ողջունում է «2024 թվականի ապրիլի 19-ին ադրբեջանա-հայկական սահմանի Սահմանազատման հանձնաժողովի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունը չորս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ»։
Նշվում է նաև, որ «ուղղակի բանակցությունների միջոցով ձեռք բերված այս դրական զարգացումը կարևոր քայլ է խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»։
Ապրիլի 19-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ սահմանազատման հանձնաժողովների ութերորդ նիստից հետո Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին գործընթացը սկսել Տավուշի մարզից։ Նույն օրն՝ ավելի ուշ, Հայաստանի վարչապետի գրասենյակը մանրամասներ էր հայտնել Տավուշում սահմանի սահմանազատման մասին։ Վարչապետի աշխատակազմում նշել էին, որ սահմանի սահմանազատումից հետո զինված ուժերը նշված տարածքներում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Նրանք պարզաբանել էին, որ արդյունքում՝ ադրբեջանական սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։