Ապրիլի 21-ին Տավուշում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով «Մարտական եղբայրություն» հասարակական կազմակերպության 7 անդամ է ձերբակալվել, հայտնել է Քննչական կոմիտեն։
ՔԿ-ից նշել են, որ խոսքը Տավուշի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ տեղի ունեցած միջադեպի մասին է, որտեղ «Մարտական եղբայրություն» կազմակերպության 3 անդամ և մի խումբ այլ քաղաքացիներ փողոց էին փակել։
«Այրում բնակավայրի բնակիչը պահանջել է բացել ճանապարհը, որից հետո իր կողմից վարվող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ է ընթացել, սակայն քաղաքացիները, խոչընդոտելով տրանսպորտային միջոցների ընթացքին, չեն թույլատրել: Մարդկանց անդորրը խախտելով և հայհոյանքներով ուղեկցվող գործողությունների ընթացքում Ա․ Պ․-ն և դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ քաղաքացիներ ձեռքերով հարվածել և կոտրել են «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին: Առերևույթ խուլիգանական գործողությունները փորձել են կանխել ոստիկանության ծառայողները, սակայն այդ անձինք դիմել են փախուստի»,- հավելել են ՔԿ-ից։
Դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարի ժամկետով)։
ՔԿ-ում հավելել են, որ նշված միջադեպից հետո «առերևույթ խուլիգանության մասնակիցներից մեկը՝ Մ․ Ա․-ն, «Վոդխոզ» կոչվող հատվածում վիճաբանության մեջ է մտել ՀՀ ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ, որի ընթացքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյելով՝ ճանապարհի վրա ձեռքով հարվածել է Դանիելյանին և պատճառել մարմնական վնասվածք»։
Պատգամավորին վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով) և 195-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ներգործությունըб առավելագույն պատիժն ազատազրկում` 1 ամիս ժամկետով)։
Նշենք, որ միջադեպի ժամանակ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա Երկրապահ կամավորական միության տարբերանշանն էր։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաներն սկսվել էին ապրիլի 19-ի երեկոյան, ցուցարարները փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը: Ապրիլի 20-ին ճանապարհը բացել էին այն բանից հետո, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 22-ին տավուշցիների ներկայացուցիչների և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպում անցկացնել։ Ապրիլի 22-ին, սակայն, բնակիչները վերսկսել էին ակցիաները, քանի որ զորքերի հետքաշման նպատակով ՊՆ-ի կողմից Կիրանցի հատվածում ականազերծման աշխատանքներ էին սկսվել։ Ականազերծման աշխատանքներ են սկսվել նաև Ոսկեպարում, որտեղ բնակիչները փորձել են խոչընդոտել գործընթացը։
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են գործընթացն սկսել Տավուշի մարզից։ Այդ օրն ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմը նշել էր, որ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: Աշխատակազմում հստակեցրել էին, որ գործընթացի արդյունքում «Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին»։