Քննչական կոմիտեն վարույթ է հարուցել ապրիլի 27-ին Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ։
Իրավապահները պարզել են, որ Կիրանց բնակավայրից դեպի Ոսկեպար ընկած հատվածում ճանապարհը փակած ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակծել անվադողը:
Դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն, առավելագույն պատիժը 8 տարվա ազատազրկում) ՀՀ նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՔԿ-ն նշում է, որ համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել է ավտոմեքենայի անվադողը դանակով վնասող անձի (Երևան քաղաքի Նորագյուղ բնակավայրի բնակիչ, 39 տարեկան), դանակը նրան փոխանցող 17-ամյա անձի ինքնությունը։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։